воскресенье, 7 февраля 2016 г.

Դիմահարդարումը հին Եգիպտոսում


«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»
Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված արտահայտությունն օգտագործվում է որպես մարդու մարմնի և դեմքի հարդարանքին վերաբերող կարգախոս։ Եգիպտոսից մեզ հասած մեծահարուստ գրականությունից պարզ է դառնում, որ դեռևս Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ Նեղոս գետի ափին բնակվող գեղեցկուհիները հոգում էին իրենց արտաքինի մասին և ջանում ամեն գնով հնարավորինս երկար պահպանել իրենց երիտասարդությունը։ 
Եգիպտացիներն ընդհանուր առմամբ ուշադիր էին իրենց հողեղեն մարմնի հանդեպ, քանզի վստահ էին , որ մահն ինքնին ժամանակավոր է, իսկ կյանքը` հավիտենական, և «Արևմուտքի աշխարհ» մեկնած հոգին, վաղ թե ուշ, կրկին պետք է վերադառնա և բնակվի իր իսկ մարմնի մեջ։ Այդ էր ավանդում նրանց հոգևոր ուսմունքը։
Ինչպես բոլոր հին քաղաքակրթություններում, այնպես էլ Հին Եգիպտոսում դիմահարդարումն ի սկզբանե օգտագործվում էր ծիսական, կրոնական և մոգական նպատակներով, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների բուժման համար։ Աստվածներին հաճոյանալու և նրանց զայրույթը մեղմելու նպատակով հարդարանքի պարագաներ հանդիսացող քսուքներով, բալասաններով և ներկերով պատվում էին այդ աստվածների քանդակների մարմնի բոլոր մասերը։ Նույն կերպ հարդարվում էին նաև այդ աստվածություններին ծառայող քրմերը։ Հայտնի է, որ եգիպտական շատ աստվածություններ օժտված էին կենդանիների և թռչունների գլխով, օրինակ` բազեի, իբիս թռչնակի և բորենու։ Այդ կերպարանքները ևս արժանանում էին հոգածության և հարդարման։ Եվ վայ այն քրմին, որը մոռանար էգ առյուծ Սոքմետի քիթը սնգուրել դիմափոշով։
Իսկ մարդիկ, որոնք աստվածների արարչության անմիջական արգասիքն էին, պետք է նմանվեին իրենց պաշտամունքի , երկրպագության առարկաներին և նույն կարգով խնամեին իրենց արտաքինը։

Պեղումներից ստացված մեծ քանակությամբ գտածո նյութերը և մեզ հասած նկարներն ու նկարագրությունները վկայում են այն մասին, որ ազնվատոհմիկ եգիպտացիները շատ մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքինին։ Թագավորների, թագուհիների, մեծահարուստների, զորավարների, նրանց կանանց և տարփուհիների դամբարաններում հսկայական քանակությամբ քարե և ալեբաստրե սրվակներ, շշեր և տուփեր են հայտնաբերվել, որոնցում պահվել են քսուքներ, դիմափոշիներ, սնգույրներ և հարդարանքի այլ պարագաներ։ Այս ամենը եգիպտացուն հարկավոր էր ոչ միայն կյանքի ընթացքում, այլև հանդերձյալ աշխարհում դեմքն ու մարմինը գեղեցիկ պահելու համար։
Եգիպտացիների կողմից օգտագործվող հարդարման միջոցները պայմանականորեն կարելի է դասակարգել երկու խմբի։ Առաջին խմբին են պատկանում կենսական կարևորություն ունեցող նյութերը` յուղերը, մերսման նպատակով կիրառվող ճարպերը, որոնք թե՛ հին ժամանակներում և թե՛ այսօր մարդիկ օգտագործում են կիզիչ արևից և տաք հողմերից մաշկը պաշտպանելու համար։ Այս բուրումնավետ միջոցները հասու էին բոլոր խավերի թե՛ տղամարկանց և թե՛ կանանց և բնավ ճոխության առարկա չէին համարվում։ Երկրորդ խմբին դասվող պարագաները թանկարժեք էին և պահվում էին միայն հարուստ եգիպտացիների տներում` արծաթեղենի, ոսկեղենի և թանկարժեք անուշեղենի շարքում։
Եգիպտուհիների դիմահարդարման ամենակարևոր հատվածը աչքերի մշակումն էր, որի համար օգտագործվում էր ասիական երկրներից բերված ծարրաներկը (սուրման)։ Վերջինս աչքերի և հոնքերի ուրվագծման նպատակով կիրառվող ժամանակակից մրրաներիկի (տուշի) նախատիպն էր։ Սկզբնական շրջանում աչքերը և դեմքը ներկով հարդարվում էին ինչպես կրոնական և ծիսական, այնպես էլ բուժական նպատակներով։ Ծարրաներկը պաշտպանում էր աչքերը ամեն տեսակ հիվանդություն տարածող մլակներից։
Հարդարող քսուքները պաշտպանում էին կոպերն ու աչքերի հատվածի մաշկը չորությունից և կիզիչ արևից։ Հետագայում եգիպտուհիները նկատեցին, որ դիմահարդարող նյութերը ոչ միայն պաշտպանում են աչքերը, այլև ավելի ընդգծված և արտահայտիչ են դարձնում հայացքը, որով էլ գրավում են հակառակ սեռի ուշադրությունը։ Այդ պահից սկսած դիմահարդարումը սկսեց ծառայել նաև գեղարար նպատակների։
Ասվածին ավելացնենք նաև, որ եգիպտուհիները հայտնի էին իրենց բնական գեղեցկությամբ, և այս պարագայում դիմահարդարման միջոցները կոչված էին առավել ընդգծելու այդ գեղեցկությունը։ Եգեպտուհիները հռչակված էին որպես Հին աշխարհի ամենագեղեցիկ կանայք։
Աստվածային տիրուհի Նեֆերտիտիի` մեզ հասած դիմաքանդակներին արված հարդարանքները Հին Եգիպտոսում կիրառվող դիմահարդարման միջոցների մասին ամենալիարժեք պատկերն են ստեղծում։ Դիմահարդարման այդ միջոցները դարերի ընթացքում գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Մրրաներկով ուրվագծված աչքերը, սնգույրով կարմրեցված այտերը, մատիտով ընդգծված շուրթերը, քթի նուրբ կառուցվածքն ու լայն ճակատը առավել արտահայտիչ են դարձնում Նեֆերտիտիի «առասպելական» կերպարը։ Պատահական չէ, որ հազարամյակների փորձություն անցած այդ կերպարն այսօր էլ չի կորցրել իր թարմությունն ու գրավչությունը։

Հին Եգիպտոսում աչքերը, կոպերը, թարթիչները հարդարելու և ներկելու առաջին փորձերն արվել են դեռևս մ.թ.ա. V հազարամյակում։ Դրա մասին են վկայում հնագույն դամբարաններից պեղված մումիաներն ու քանդակները։